Страницы

27 сент. 2013 г.

Համո Սահյան-Ախր ես ինչպե՜ս


Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Բանաստեղծություն Պարույր Սևակ Ապրել


ԱՊՐԵԼ 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։ 
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը։ 
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, 
թե ինքդ քեզ արհամարհես 
  ու համարես, 
  քեզ հետ վիճի՛, 
  քեզ չզիջի՛, 
  համբերատար քեզ հետ խոսի՜, 
  հակառակո՛ւմ քեզ համոզի 
  ինքը … հզոր Հանրությունը … 

  Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
  Որ ուրիշի խինդով խնդաս, 
  Որ ուրիշի ցնծությունով 
  Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս։ 

  Լինես, մնաս ամենքի հետ, 
  Նրանց կամքին հպատակվես, 
  «Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ, 
  Նրանց ցավով լուռ տառապես։ 

  Տրվես նրանց լույսի նման 
  Եվ չխաբես՝ հույսի նման։ 
  Արշալույսի նման բացվես 
  նրա՛նց համար, 
  Վերջալույսի նման բոցվես 
  նրա՛նց համար։ 
  Թե լաց լինես՝ նրանց համար, 
  Թե բաց լինես՝ նրանց համար։ 
  Եվ հա՜ց լինես նրանց համար՝ 
  հոգեվոր հա՛ց, 
  Քեզ նրանցով կյանքում զինես 
  Եվ նրանցով կյանքում լինես 
  ոգեվորվա՜ծ։ 
  Եվ նրանցով կյանքում լինես 
  թույլ կամ ուժեղ, 
  Եվ նրանցով կյանքում լինես 
  բույլ կամ մժեղ, 
  Թշվառ՝ ինչպես անապաստան, 
  Հարուստ՝ ինչպես լայն տափաստան … 

  Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս, 
  Որ նրանց հետ մթնես-ամպես 
  Եվ նրանց հետ շանթարձակվես. 
  Մեկտեղ հանկարծ ընդարձակվես, 
  Մեկտեղ դառնաս գունդուկծիկ. 
  Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝ 
  Ինչպես նամակ և կամ բացիկ … 

  Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ, 
  Կյանքդ խառնել նրանց կյանքին, 
  Տառապանքդ՝ տառապանքին, 
  Ջանքդ՝ ջանքին, 
  Ցանքդ՝ ցանքին, 
  Եվ ենթարկվել նրանց կամքին, 
  Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,- 
  Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել …